Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ պատմեցին նրան, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց աղջիկը հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, այլ դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:

Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի՛ տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն կենտրոնացիր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ`ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Ապագայի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե ընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց Սուրբ Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր` երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել ի՛մ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ի՛նչ ինքնավստահորեն է ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Հեքիաթ փշատերև ծառերի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

 

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկինՁմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Կանաչ Եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  և  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը: